Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Ժողովուրդը` գեղանկարչի սերը

01.05.2025

19-րդ դարի ռուսական գեղանկարչությունը յուրահատուկ և հարուստ է իր բազմաթիվ հիասքանչ ու անզուգական կտավներով։ 19-րդ դարը ռուսական գեղանկարչության վերելքի փառահեղ ժամանակաշրջանն էր, որտեղ կողք կողքի ապրում-ստեղծագործում էր ռուսական կերպարվեստի մի ամբողջ աստղաբույլ` Շիշկին, Լևիտան, Կրամսկոյ, Բրյուլով… Այդ աստղաբույլում իր առանձնահատուկ տեղն ունի Վասիլի Պերովը (1834-1882 թթ.):

Այս գեղանկարիչը Պերեդվիժնիկների միության հիմնադիր անդամներից է: Պերովի արվեստին բնորոշ են սոցիալական մոտիվը, ճորտատիրության քննադատությունը, ռուս գյուղացու, ինչպես նաև ռուս քաղաքացու կյանքի ողբերգության պատկերումը, հոգևորականության արատավոր կողմերի ձաղկումը: Վասիլի Պերովը աշխատել է նաև դիմանկարի ժանրում՝ վրձնելով իր ժամանակի հայտնի ռուս մտավորականներից շատերին: Եվ մենք այսօր, օրինակ, Ֆյոդոր Դոստոևսկուն, Տուրգենևին, Ա. Օստրովսկուն և այլոց ճանաչում ենք հենց Վասիլի Պերովի վրձնած դիմանկարներով: Այս գեղանկարիչը իր բազմաֆիգուր կոմպոզիցիոն կտավներում (իսկ նա նախապատվությունը տվել է այդպիսի կտավներին) հիմնականում քննադատել, ծաղրել է ռուսական իրականությունում գոյություն ունեցող արատավոր բարքերը, սոցիալական անհավասարությունը։

Այդպիսի աշխատանք է «Գյուղական ժամերգություն»-ը:  Կտավում տեսնում ենք գյուղական եկեղեցում հավաքված բազմությանը  ժամերգության պահին: Բայց երբ սկսում ենք մանրամասների մեջ խորանալ, ակնառու է դառնում գեղանկարչի հոգու ցավը` տիրող բարքերի նկատմամբ:

Գյուղական ժամերգություն

Կտավի առաջին պլանում եկեղեցական արարողությունն անցկացնող վանականն է, որի ձեռքերի շարժման մեջ պիտի տեսնել գլխավորը. նա ձախ ձեռքի ցուցամատը պարզել է երկինք, իսկ աջ ձեռքի ցուցամատը ուղղված է առաջին շարքում նստած գյուղապետին: Այսինքն՝ վերևում Աստված է, երկրի վրա՝ գյուղապետը: Գյուղապետը ոչ թե տերտերի հաճոյախոսությունից է աչքերը փակել, այլ նա տգետ է, բութ և եկեղեցական արարողությունից ձանձրացած՝ քնով է անցել: Մի փոքր այս կողմ, կտավի աջ անկյունում, Ավետարանը ձեռքին դեռատի կնոջ ականջին ընկած՝ սիրահետում է նրա հետևում նստած երիտասարդը, ժամադրվել է ուզում, իսկ կինը Ավետարանով փորձում է քողարկվել, ներկաներին երևալ որպես պարկեշտ, առաքինի, ամուսնուն հավատարիմ կին: Կտավի կենտրոնում մենք ծեր կնոջ ենք տեսնում, որը սակարկում է կողքին կանգնած տղամարդու հետ, որի թևին շորեր կան: Կինը, հավանաբար, գլխաշորի համար է սակարկում, իսկ տղամարդը մերժում է նրա ասած գինը, ապացույցը՝ տղամարդու առաջ մեկնված ձեռքը: Այս երկուսի կողքին էլ,  կտավի ձախ մասում, տեսնում ենք երկու գյուղացու, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է արձագանքել տերտերի խոսքերին, Աստծո պատվիրաններին: Մեկը գլուխն է քորում՝ գիտակցելով գործած հերթական մեղքը, մյուսը՝ կորցրած իր վերջին հույսը՝ մտահոգ է, հոգսերի մեջ  և հուսահատ: Տերտերի առջև գտնվող երկու աղջնակներից ավագը ակնապիշ, զմայլանքով լսում է Աստծո խոսքը, որը փոխանցում է տերտերը, մինչդեռ այս աղջկա կողքին գտնվողը, որը հավանաբար նրա կրտսեր քույրն է, աչքի տակով, ոչ պակաս ուշադրությամբ հետևում է սիրահետող երիտասարդի փսփսոցին ու դեռատի կնոջ սեթևեթանքին: Այսքանով թվում է, թե ավարտվում է գեղանկարչի ասելիքը: Բայց ոչ, եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ տերտերից այն կողմ, կտավի ձախ անկյունում կանգնած է եկեղեցու պահակը, հավանաբար պահակը կամ ժամհարը, ում ձեռքին սկուտեղ կա՝ վրան բաժակներ: Այսինքն՝ նա էլ անհամբեր սպասում է ժամերգության ավարտին, որ տերտերի հետ 50-50 գցեն, իրենց տան խմելուն: Ուրեմն եկեղեցին, մեծ հաշվով, այստեղ գտնվողներից յուրաքանչյուրի համար ունի կոնկրետ առաքելություն, և այսպիսին է ռուսական իրականությունն ըստ Վասիլի Պերովի:

Վասիլի Պերովի աշխատանքների ակնհայտ մասը երգիծական բնույթի կտավներ են: Այս առումով նրա արվեստը որոշակի հոգեհարազատություն ունի հոլանդացի միջնադարյան գեղանկարիչ Յան Սթենի արվեստի հետ, որի կտավներից անպակաս են հումորն ու երգիծանքը:

Դաստիարակչուհու գալը վաճառականի տուն

Ներկա աշխատանքը ռուս գեղանկարչի հայտնի ստեղծագործություններից է: Կտավում պատկերված կերպարներից յուրաքանչյուրն ինքնատիպ է ու ավարտուն, իսկ բոլորը միասին ստեղծում են այն մթնոլորտը, որ տիրում է վաճառականի հարկի տակ: Կտավի կենտրոնում դեմ հանդիման կանգնած են վաճառականն ու  բարեկիրթ դաստիարակչուհին: Վերջինս ամոթխածությունից խոնարհել է հայացքը, մինչդեռ տգետ առևտրականը նրան զննում է ինչպես ապրանքը:

Առևտրականի կողքին կանգնած երիտասարդը նրա որդին է, որը, ի տարբերություն իր հոր, դաստիարակչուհուն զննում է ակնհայտ վավաշոտությամբ: Փոխարենը զարմացած և ներքուստ ուրախ է նրա քույրը՝ վարդագույն շրջազգեստով աղջիկը, որի համար էլ վարձել են դաստիարակչուհուն: Առևտրականի թիկունքում կանգնած երկու կանանցից յուրաքանչյուրն իր վերաբերմունքն ունի իրադարձության նկատմամբ: Թևքերը քշտածը տան աղախինն է, ուստի և նա ոչ այնքան զարմացած է, որքան կարեկցում է վաճառականի տուն եկածին, քանի որ ինքը շատ լավ գիտի այս տան նիստուկացը, մինչդեռ նրա կողքի կինը, որը տանտիկինն է, ոչ այնքան կանացի հետաքրքրություն է ցուցաբերում, որքան ջանում է գնահատել ամուսնու ճաշակը, ձեռնարկած գործի նպատակահարմարությունը: Կտավի ձախ մասում՝ դռան բացվածքից ծիկրակող մի խումբ մարդկանց հայացքներ են պատկերված: Սրանք էլ հարևաններն են՝ մեծ ու փոքր, որոնց համար նորություն է տնային դաստիարակչուհու գոյությունը: Ահա թե ինչու է տանտերը թույլ տվել, որ ծիկրակեն: Թող տեսնեն ու նախանձից կոտորվեն. այդպես է մտածում առևտրական տանտերը և փառասիրությունից պարզապես փքվել է: Այս միտքն է հաստատում նաև պատին կախած տանտիրոջ դիմանկարը, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այս տանը ոչ այնքան Աստծուն են պաշտում, որքան մոդայի հետևից ընկած քաղքենի տանտիրոջը:

Հաշվի առնելով ռուս գեղանկարչի ապրած ժամանակաշրջանի հաղորդակցման միջոցների սուղ հնարավորությունները, ի պատիվ Վ. Պերովի նշենք, որ նրա կտավներից մեկում նկատել ենք իրադարձությունը մեկնաբանելու ուշագրավ մի արտահայտչամիջոց, ինչը նույնությամբ կիրառվել է նաև իսպանացի միջնադարյան գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի մոտ:

Որսորդները դադարատեղում

Վ. Պերովի «Որսորդները դադարատեղում» կտավն է դա, որտեղ պատկերված երեք տարբեր տարիքի որսորդներից ավագը իր որսորդական կյանքից հերթական դիպվածն է պատմում՝ ինքն էլ հավատացած իր հորինած պատմությանը, մինչդեռ նրա ընկերներից քիչ թե շատ փորձ ունեցողը թերահավատորեն գլուխն է քորում՝ քթի տակ քմծիծաղ տալով, իսկ սկսնակ որսորդը՝ ակնապիշ հետևում է ավագ ընկերոջ պատմությանը: Եվ այս համապատկերում Վ. Պերովը վրձնել է տարեց որսորդի շանը՝ իր տիրոջ ետևում ինչ-որ գործով զբաղված: Շունը թիկունքով է գտնվում դեպի պատմողը, որովհետև գիտի, որ իր տերը հերթական սուտ պատմությունն է անում, ուստի իր համար հետաքրքիր չէ այն լսելը:

Եվ ահա Դիեգո Վելասկեսի «Բրեդայի հանձնումը» մեծադիր կտավում, որտեղ պատկերված է իսպանացիների հաղթանակը հոլանդացիների նկատմամբ, և Բրեդա քաղաքի բանալու հանձ նումը, այդ ֆոնի վրա Վելասկեսը առաջին պլանում վրձնել է ձի, որը նույնպես թիկունքով է դարձել դեպի տեղի ունեցող արարողությունը:

Բրեդայի հանձնումը

Կարծիքներ կան, որ այդկերպ՝ ձիու միջոցով Վելասկեսը պատկերել է իսպանացիների ուժը, հզորությունը (նման դեպքում, կարծում ենք, նա ձիուն մեկ այլ ռակուրսով կվրձներ), իսկ իսպանական բանակի ուժն ու հզորությունը խորհրդանշում են պատկերված նիզակների ու տեգերի երկինք պարզած առատությունը: Իրականում, մեր կարծիքով, Վելասկեսը ձիուն պատկերելով շրջված դիրքով, հետույքով դեպի տեղի ունեցող իրադարձությոնը, ակնարկում է այն մասին, որ մարդկային կյանքում ամեն բան չէ, որ իրական արժեք է: Ներկա դեպքում պատերազմը, հաղթանակը, քաղաքի բանալու հանձնումը, համընդհանուր ցնծությունը արժանի է ընդամենը ձիու գավակին, քանի որ այդ ամենի ետևում կան մարդկային խեղված կյանքեր, մահեր, ավերված ու չիրականացած երազանքներ:

Վասիլի Պերովը այն բացառիկ գեղանկարիչն է, որը 19-րդ դարի ռուսական դառը իրականությունը անմահացրել է իր կտավներում։ Ու ափսոսանքով կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հիասքանչ կտավներ դեռ կարող էր պահ տալ մարդկությանը, եթե թոքախտից չմահանար ուժերի ծաղկման շրջանում։

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)