Արտաշես Արամին՝ հուշի միջով
Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բանաստեղծ, թատերագիր, հայրենասեր հայ, սրտացավ մտավորական Արտաշես Արամը: Նրա հետ հանդիպումները գրականության, արվեստի, ազգային խնդիրների շուրջ քննարկում-կանխատեսումներ էին դառնում, բացում բազմաթիվ փակագծեր, առաջադրում հազար ու մի խնդիր-հանելուկներ:
Նա ոչ միայն գրի միջոցով էր մեզ հասցնում իր ստեղծագործ էությունը, այլև ինքնատիպ, բազմաբնույթ անսամբլյաժների, որոնք նրա գեղագիտական հայացքի այլազան մեկնություններն էին ամփոփում իրենցում: Ինձ բախտ է վիճակվել հանդիպելու Արտաշեսին ոչ միայն այս կամ այն միջոցառման շրջանակներում, այլև հյուրընկալվելու նրա տանը և տեսնելու այդ գործերի մի ամբողջ հավաքածու: Ավելին՝ նվեր եմ ստացել նրանից «Ծաղկող գրիչ»վերնագրված անսամբլյաժը, որն իմ տան թանկ մասունքներից մեկն է, այլևս՝ ավելի թանկացած:
Մեր հանդիպումների մասին կարող եմ երկար պատմել, բայց կարծում եմ, որ խոսքը պետք է տամ իրեն՝ երկնաբնակ դարձած իմաստուն հային, որի հետ գրեթե երկու տասնամյակ առաջ արված հարցազրույցի առանձին պատառիկները տրոփում են այսօրեական ցավով, ափսոսանքով և անպայման՝ լավատեսությամբ:
Հարցազրուցը հրապարակվել է «Իրավունքը de facto» թերթում՝ իմ վարած «… և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:
***
Մարդն աշխարհի բոլոր ծագերում մարդ է: Մենք մեր հոգսերով, խնդիրներով, բարդույթներով նման ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: Էականն այն է, թե այսօր ինչքանով է փոխվել մեր հանձնառու մարդը, հանձնառու պետական գործիչը, հանձնառու մտավորականը: Ի վերջո, հասարակ աշխատավորը հույս է տածում, թե իր երկիրը, իր պետությունը կառավարում են: Կառավարում են` բառի բուն իմաստով: Ինձ մտահոգողը մի բան է. մեր ազգի մեջ զգոնությունը հատկապես սրվում է էն պահին, երբ դանակը ոսկորին է հասնում: Բայց, ի վերջո, էդպես չպիտի լինի: Մենք ուրիշ խնդիր չունենք, էս երկիրը երկիր դարձնելուց զատ: Դա բոլորի` մեծի ու փոքրի խնդիրն է: Ճակատագրորեն մեզ շանս է տրված դարեր շարունակ պետականությունից զուրկ էս հողը դարձնելու երկիր, պետություն:
***
Բաներ կան, որ նույնիսկ խոստովանելուց մարդը պիտի զարհուրի: Էսօր աշխարհով մեկ զբաղված են ուրան ճեղքելով, գիտական, մշակութային սենսացիոն հայտնագործություններ անելով, իսկ մենք դեռ հացի խնդրի առջև ենք կանգնած: Ինչքան էլ բարձր չափանիշներ դնենք, պիտի հասկանանք. մարդը աշխարհ է եկել, որ վայելի, մարդկայնորեն, արժանապատվորեն ապրի իր կյանքը: Էսօր փակուղի է դրվել սովորական մարդու առջև: Կուզենայի, որ խոսքիս մեջ ոչ մի ճառային երանգ չլիներ. ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ քաղաքական հեռանկարների վրա ինչ-որ գուշակություններ անող: Ընդամենը ուզում եմ հայացքս հառել էս օրվան: Ի՞նչ ենք ի զորու անել: Մեր մեջ խաթարված բաներ կան, և դա չի վերաբերում այսօվան կամ խորհրդային 70 տարիներին: Նաիրական մեր կերտվածքն ստեղծված էր մեծ թռիչքների համար: Բայց ոչ միայն թռիչքներ չեղան, այլև նահանջներ եղան շարունակական: Ու միշտ փորձեցինք նահանջներն արդարդացնել պատմության ընթացքով, աշխարհագրական դիրքով… Չի՛ կարելի: Մի ճշմարտություն կա. դրությունը վա՞տ է, քո ժողովուրդը վա՞տ է ապրում, խոստովանիր, որ դու ի վիճակի չես էս երկիրը կառավարելու, էս երկրի առաջնորդդը լինելու: Կարծում եմ` խոսքս ընկալվում է:
***
Մենք պիտի դիտարկենք մեր կյանքը, մեր բուն կյանքը, հասկանաք, թե ինչի մեջ ենք թաթախված: Եվ դա արդեն ո՛չ քաղաքականություն է, ո՛չ ազգային ծրագիր: Սա մարդու բարոյականության, պարկեշտության խնդիր է: Մենք դարեր շարունակ մեր մեղքը ձգել ենք թշնամու վրա, բողոքել, թե հանգիստ չեն տվել մեզ: Էսօր էլ ձգում ենք աշխարհաքաղաքական իրողությունների վրա, բայց չենք անդրադառնում, թե ինքներս որքանով ենք տեր մեր խաչին: Մենք ճիշտ չենք հարաբերվում: Էս երկրում, էս հողի վրա խզված է երկու մարդու հարաբերությունը: Հայ մարդը հայ մարդու հետ ճիշտ չի հարաբերվում: Քո ցեղակիցն է, քո արյունակիցն է, ուրեմն պիտի նրա մեջ ապավեն, ելք, փրկություն տեսնես: Հասկանալի է, որ նյութական, տնտեսկան դժվարությունները չարացնում են մարդուն: Բայց արդյոք դա պիտի լափի՞ մեր միջի էն ողջ պաշարը, որ այլևս մտածենք, թե աշխարհի վերջն է: Հասկանալի է, որ աշխարհի վերջը չէ: Երբեմն մտածում եմ, որ ինչ-որ բան չի ստացվում էս աշխարհում նաև բառերի շատությունից: Ճառում են` ճոռո՜մ, երկարաշո՜ւնչ: Նիստե՜ր, բանավեճե՜ր: Ու էդ թվացյալ մտահոգությունը գործ չի դառնում: Գործն էն է, որ օրը մեջ, շաբաթը մեջ գոնե մի դուռ բացվի, մի աշխատատեղ բացվի, մի հնար բացվի, որ ժողովուրդը մտածի` ահա սկսվեց վերելքի ժամը: Այս դուռ բացելու խնդիրն ունենք մենք:
***
Սկսենք մի բանից. մարդը, հետևաբար և ազգը, իր տեսակը չգերագնահատելով, չգերակայելով, պիտի հավատա իրեն, հպարտանա իր տեսակով: Մեր մեջ ինքնամերժության և բնականաբար, իրարամերժության որակ կա: Եվ դրանից է գալիս ածանցյալ օտարամոլության դրսևորումը, օտարի արածն արժևորելու, սեփական երկրի, սեփական գիտնականի արածը ստորադասելու մղումը: Պետություն հասկացությունը` որպես երևույթ, գիտական մեխանիզմ է, գիտության, մշակույթի վրա հիմնված մեխանիզմ: Դրանց վրա պիտի բարձրանա ամբողջ կառույցը` իրավական, հասարակական, բարոյական բոլոր համակարգերով: Բայց մենք ուզում ենք ինչ-որ կասկածելի գործարքների հիման վրա պետություն, արդյունաբերություն, տնտեսություն ստեղծել, գյուղատնտեսություն զարգացնել: Մեր ելակետն է խախուտ, չհիմնավորված: Եթե մի ճանապարհ ես անցնելու, պիտի ելման կետը, առաջին քայլը շատ հստակ, ճշգրտված լինի: Այո՛, ինձ ճապոնական ֆենոմենը մշտապես զարմացրել է: Էլ ինչո՞վ պիտի հիմնավորվեր այն, որ աշխարհից առանձնացված էդ կղզու վրա ստեղծվել է այդքան ճշգրիտ մարդկային համակարգ` իր մտածողությամբ, բարոյականությամբ: Դա զարմանալի մի ներդաշնակություն է: Որոշ երկրներում գիտության առաջընթացը չի զուգահեռվում մշակութային թռիչքներով: Ճապոնիան հպարտանալու բան ունի, որովհետև XXI դարի գերհզոր գիտական թռիչքները նրանց մոտ զուգահեռվում են մշակութային ձեռքբերումներով: Դրանցից մեկի պակասը խարխլում է հասարակագի ներդաշնակությունը, զարգանալու ընթացքը: Նման օրինակներ կան ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհի այլ երկրներում: Սկանդինավյան երկրներն ապացուցել են, որ անկախ քաղաքական, տնտեսական ցնցումներից` կարելի է ունենալ երաշխիքներ գիտնականի, մտավորականի համար, որպեսզի նա չթողնի իր լաբորատորիան և չհայտնվի իր համար անհարիր տեղերում: Այստեղ մարդը պաշտպանված է: Մեզանում հայ մարդը գտնվում է ամենաանպաշտպան վիճակում, և սա ինձ ամենից շատ մտահոգող խնդիրն է: Երբ կայսրության կազմում էինք, այդպիսի խնդիր չկար: Ամեն ինչ վերահսկվում էր: Տոտալիտար սիստեմ էր, թե ինչ էր, մարդը անպաշտպան չէր: Ինքս երբեք էդ համակարգը չեմ ընդունել, որոհետև ծայրահեղ բաներ էին կատարվում, մանավանդ սկզբում` սև 37-ին: Բայց չէ՞ որ 70-ականներից սկսած` էս հողը դարձել էր մարդկային ճիշտ հարբերության տարածք: Հիմա էս ժողովուրդը անորոշության, սրված տագնապների տիրույթներում է հայտնվել: Ու պատասխան տալուց պիտի պատասխան տանք բոլորս:
***
Զուգահեռ եմ ուզում տանել իրաքյան դեպքերի հետ: Սադամ Հուսեյնը բռնակալ էր: Բայց նրան տապալելու եղանակները կոնկրետ էդ բռնակալի դեմ չէին ուղղված: Մտան, ռմբակոծեցին, ավերեցին Իրաքը, ու դրանից ոչ մի իրաքցի չշահեց: Ի վերջո, իր բազմաթիվ թերություներով հանդերձ, դեպի վերելք գնացող երկիր էր: Ու կատարվածի արդյունքում իրաքցի արաբը ոչինչ ձեռք չբերեց: Նորից պիտի տասնամյակներ անցնեն, որ էդ երկիրը գա ելման կետին: Էդտեղ նաև կրոնական, դավանաբանական ֆանատիզմն իր գործն արեց, և երկիրը վերածվեց դժոխքի: Եվ այդ ամենը մեզանից հեռու չէ: Ցանկացած երկրում կատարված վատը կարող է քո երկրի վրա ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ, որովհետև աշխարհը մի ամբողջական օրգանիզմ է: Եթե մի տեղ մի բան կտրվում է, բոլոր բջիջներն ահազանգն զգում են: Էս պարագայում ես մտածում եմ, որ Ամերիկայի և մյուս խոշոր պետությունների շարունակական միջամտությունները լավ բանի չեն հանգեցնի: Յուրաքանչյուր երկիր իր հոգսը պիտի հոգա, իր երկիրը երկիր դարձնի. սա միջազգային կոնվենցիաներով հաստատված բան է: Արաբական աշխարհում առկա խմորումները միայն բռնակալությամբ չեն պայմանավորված: Այստեղ կան նպատակներ, որոնք կոնկրետ այս կամ այն երկրի շահին չեն առնչվում, այլ ողջ արաբական աշխարհին են վերաբերում: Մենք մտել ենք XXI դար: Եվ ինչպես որ բնության մեջ է ձմռանը հաջորդում գարուն, ապա ամառ, աշուն, այդպես էլ մարդկային հասարակության մեջ է: Էս գործընթացները պիտի լինեին, բայց թե ինչի կհանգեցնեն, դժվար է ասել: Էստեղ ես ուզում եմ մեր ազգի, մեր պետության դիրքը, վիճակը, կշիռը տեսնել, որովհետև մենք չենք կարող համաշխարհային անցուդարձերից դուրս լինել: Մեզ շարունակ չի հերիքել, չի հերիքում արտաքին քաղաքականության ճկունությունը: Ու եթե էս անգամ էլ չհերիքեց, մեր տալիքը շա՜տ-շատ է լինելու: Աշխարհով մեկ ինչ-որ բախումներ են` տարածքի, շահի, ոսկու, նավթի: Մենք պիտի փորձենք դրսևորել մեր ազգային, պետական դիվանագիտությունը: Բայց քանզի ժողովուրդը դեռ չի հասել մինիմալ ապրելակերպի մակարդակին, գոնե հացի խնդիր չունենալու մակարդակին, մնացած հարցերը մնալու են օդում առկախված: Պիտի մտածենք ամեն բան շտկել ելման կետից` դպրոցից: Դպրոցը, ցավոք, մեզ համար էն կարևորությունը չունի, ինչ որ բանակը: Բայց պարզագույն ճշմարտությունն այն է, որ մեր գալիք բոլոր հաջողությունները պայմանավորված են դպրոցով: Դպրոցի նկատմամբ մեր վերաբերմունքը դեռ պետական մտածողության մակարդակի վրա չէ: Մենք չենք գիտակցում, որ դպրոցը ստրատեգիական կարևոր գործոն է: Մենք ամեն ինչ թողել ենք ուսուցչի, դպրոցի տնօրենի հույսին: Իսկ դա մեր ազգային անվտանգության խնդիրն է: Վաղվա զինվորը, մտավորականը, պետական գործիչը ձևավորվում է դպրոցում: Ու ես, այնուամենայնիվ, խոսքս ուզում եմ ավարտել լավատեսությամբ: Ոչ թե հենց էնպես ինձ լավատեսության եմ մղում, այլ կամային, բարոյական, հոգևոր երակներ եմ տեսնում, հատկապես նոր սերնդի մեջ, որոնք հավաստիացնում են, որ ուզենք-չուզենք ազգովին պիտի դառնանք լավը: Քանակը որակ պիտի ստեղծի, և էս հողը, էս երկիրը պիտի դառնա երկիր: Ու եթե մենք` ավագներս, կարողացանք ուժեղ գտնվել և առավելագույն գուրգուրանք դրսևորել էդ սերնդի նկատմամբ, նրա կարողությունների նկատմամբ, ուրեմն, այնուհանդերձ, թեկուզ ծանր մշուշների մեջ, դռները կբացվեն, ու մեր վերելքը կկայանա: Մենք ուրիշ տարբերակ չունենք: Չհավատալու, կասկածելու տարբերակ չունենք: Պիտի ներքուստ լավատես լինենք մեր խնդիրների, դժվարությունների նկատմամբ ու կարողանանք վեր գնալ: Ուրիշ ճանապարհ չունենք:
Կարինե Ռաֆայելյան






