ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Հոգու ոդիսականն առ յուր  հանգրվանային Իթաքե

Հոգու ոդիսականն առ յուր  հանգրվանային Իթաքե

                        

  Պլատոնն իր «քարանձավաարտացոլանքային» տեսության մեջ ասում է, որ մենք գտնվում ենք իրական՝ իդեական կամ ռացիոնալ աշխարհի ստվերային անդրադարձի կամ իռացիոնալ աշխարհի միջավայրում։ Լավ, ընդունենք դիտարկվող միջավայրը որպես այդպիսին, բայց այդ դեպքում ի՞նչ կարգավիճակում է դիտարկողը՝ Հոգին՝ ԱՅՍՏԵՂ։ Եթե Հոգին ևս մի ԱՅԼԻ «ստվերային անդրադարձն» է՝ նա չէր կարող զգայել, հասկանալ  «ոչ ստվերային» իրականը, դա իր ուժերից վեր կլիներ։ Իսկ եթե Հոգին իրականն է և ոչ «կրկնօրինակը», ապա ի՞նչ գործ ունի ԱՅՍՏԵՂ՝ իռացիոնալ միջավայրում։ ՈՒրեմն, հավանաբար, Հոգին իրականի և իռացիոնալի միջև գտնվողն է, այսինքն՝ «ստվերային» գոյությունից դեպի «ոչ ստվերային» իրականը վերափոխվողը։ Հոգին, ԱՅՍ ԱՇԽԱՐՀ գալով, անցնում է փորձության անապատներով, իր ոդիսականի ընթացքում բախվում, պարտվում-հաղթանակում աշխարհի գայթակղություններից (գայթակղություններին) ու փորձություններից (փորձություններին), այսինքն՝ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ համար ու արդյունքում նույնանում ԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ։ Այն մի գեղեցիկ թիթեռի նման ձեռք է բերում իր իսկական կերպն ու ազատվում-զատվում հարսնյակային վիճակից։ Հոգին Թեսևսն է, որ աշխարհի լաբիրինթոսում դեգերելով, գտնում-սպանում է իր կեղծ պատկեր Մինոտավրոսին — և Արիադնեյի միակ թելը հավատն է։ Այստեղ ուզում եմ մեջբերել իմ մի բանաստեղծությունը, որ մոտավորապես հենց այդ մասին է․

ԹԵՍԵՎՍԻ ՕՐԱԳՐԻՑ

Աշխարհի ողջ իմաստության թելը

դարձրած մատիս փաթաթան,

անցնում էի կյանքիս օրերը` գայթելով,

որ դուրս գամ լաբիրինթից իմ մթին…

Կաթիլքն անձավի առաստաղից

կերտում էր շթաքարեր գեղեցիկ:-

Բայց` «Գնա՛,- ասում էր Ձայնը,- մի՛ հապաղիր։

Գեղն այստեղի թակարդ է մի – անցի՛ր…»:

«Բայց ո՞ւր է Հանգրվանն, ու ո՞վ եմ ես…»,-

ծեծում էի պատերը հուսահատ:

Արձագանք էր դարձել, ցնդել Ձայնը կարծես,-

ու չստացա ոչ մի պատասխան…

Երբ էլ ուժ չկար, հանց` մաղվել էր խելքս,

փռվեցի ճամփի մեջտեղում:

Մուտքը` մոռացված այլևս,չէր նշմարվում ելքը։

Ջանքս չարչարանք էր մի անտեղի…

Բայց, զառանցանքիս մեջ,վերադարձավ Ձայնը․

«Այդ ե՜ս եմ` տիրուհի՜ն քո երազի…

Արի, արի՜, լքի՜ր օրերիդ ունայնը,

որ հասնես սիրուն աննվազ իմ…»:

Թափառումիս օրերին էլ հաշիվ չկար:

Մոտենում էր ասես մայրամուտս:

Վերջին ոլորք-անձավն անցա, ու հանկարծ

հզոր մի լույսից ճեղքվեց մութը…

Ճեղքվեց այդպես մութը լույսից մի հզոր`

ի նշան, որ հասել եմ Հանգրվանին:

Ու փրկության մի աղոտ հույսով

ակնածեցի շուրջս, բայց տեսա ի՜նչ…-

Այն, ինչ ըղձում էի` մի վայրկյանում ցնդե՜ց,

շանթեց հայացքս մի տեսիլք դաժան…-

Ցլամարդն էր խառնակվում երազիս տիրուհու հետ

կրքով ու բառաչով անասնական…

«Սպանիր, սպանի՜ր,- հորդորեց Ձայնը…» –

ու խողխողեցի ես ցլամարդուն…

Տապալվեց ու ընկավ` ասես մահարձան մի:-

Թվաց հանկարծ` քնից… նոր եմ զարթնել…

Ցնդե՜լ էր ամեն ինչ, տիրուհի՛ս էլ չկար,

մենակ էի, ու նորից հնչեց Ձայնը.

«Այո՜, սպանեցիր դու «ես»-դ տկար –

հասել ես, վերջապես, Հանգրվանին…»:

    «Ձայնաշար կամար» ժողովածու, 2015
Զավեն Բեկյան