Խղճի հետքերը․ Մարգարիտ Դերանցի «Անձրևային դետեկտիվը»
Մարգարիտ Դերանցի «Անձրևային դեդեկտիվ» պատմվածքն աստիճանաբար ներթափանցում է ընթերցողի գիտակցության մեջ՝ ավարտվելուց հետո էլ շարունակելով ապրել նրա մտքում։ Առաջին հայացքից ստեղծագործությունը կառուցված է սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի շուրջ, սակայն այդ արտաքին սյուժեն ընդամենը մեկնակետն է հեղինակի գլխավոր հետաքրքրության՝ մարդու խղճի, բարոյական ընտրության և մեղքի հոգեբանության ուսումնասիրության համար։ Եթե դասական դեդեկտիվում ընթերցողը փորձում է բացահայտել հանցագործին, ապա այստեղ հեղինակը ստեղծում է յուրատեսակ խղճի դեդեկտիվ, որտեղ բացահայտման առարկան ոչ թե հանցագործությունն է, այլ այն անտեսանելի սահմանը, որի մի կողմում մարդը շարունակում է ապրել խաղաղ, իսկ մյուս կողմում սկսվում է ինքնադատապարտման անվերջ տառապանքը։
Պատմվածքի ամենաուժեղ խորհրդանիշներից մեկը անձրևն է, որը վերնագրից սկսած ուղեկցում է ամբողջ ստեղծագործությունը։ Այն պարզապես եղանակային երևույթ չէ, այլ բազմաշերտ խորհրդանշական կերպար։ Անձրևն է, որ բերում է վթարը, անձրևն է արթնացնում տիկին Ալլայի հիշողությունները, անձրևն է կապում ներկան անցյալի հետ և, վերջապես, անձրևն է դառնում ստեղծագործության գաղափարական հակադրության առանցքը։ Հեղինակը միտումնավոր հիշեցնում է ֆիլմի վերնագիրը՝ «Եվ անձրևը մաքրում է բոլոր հետքերը», որպեսզի պատմվածքի վերջում այդ գաղափարը լիովին շրջի։ «Չէ՛, տիկին Ալլա… անձրևը ո՛չ մի հետք էլ չի մաքրելու» արտահայտությունը դառնում է ամբողջ ստեղծագործության բարոյագիտական առանցքը։ Եթե քրեական պատմություններում անձրևը ջնջում է հանցագործության հետքերը, ապա այստեղ այն միայն ավելի է ընդգծում մեղքի անջնջելիությունը։ Դերանցը կարծես ասում է, որ բնությունը կարող է լվանալ ասֆալտը, բայց երբեք չի կարող լվանալ մարդու խիղճը։ Հենց խիղճն էլ դառնում է պատմվածքի գլխավոր հերոսը։ Իրականում տիկին Ալլան ոչ մի ծանր հանցագործություն չի գործում. նա ընդամենը խուճապի պահին սխալ հեռախոսահամար է ասում և հեռանում։ Իրավական տեսանկյունից այդ արարքը կարող էր նույնիսկ աննշան թվալ, սակայն բարոյական հարթության վրա այն վերածվում է աղետի։ Հեղինակը հոգեբանական ճշգրտությամբ ցույց է տալիս, թե ինչպես է մեկ ակնթարթում կայացված սխալ որոշումը ներթափանցում մարդու ներաշխարհը՝ վերածվելով անքնության, մղձավանջների, ինքնախարազանման և գոյաբանական տառապանքի։ Այստեղ ակամայից հիշում ենք Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», որտեղ Ռասկոլնիկովին կործանում է ոչ այնքան օրենքը, որքան սեփական խիղճը։ Տիկին Ալլային նույնպես ոչ ոք չի հետապնդում, նրան չեն սպառնում ո՛չ ոստիկանները, ո՛չ ապահովագրական ընկերությունը, սակայն նրա ներսում սկսվում է անողոք դատավարություն, որի դատավորը հենց ինքն է։
Հեղինակի ամենահետաքրքիր հոգեբանական հնարքներից մեկը «դևուկի» կերպարի ներմուծումն է։ Այն կրոնական կամ միստիկական կերպար չէ, այլ մարդու ներսում հնչող ինքնարդարացման ձայնը։ Երբ ինչ-որ «աներևույթ դևուկ» շշնջում է՝ «փախի՛ր», հասկանում ենք, որ իրական պայքարը տեղի է ունենում ոչ թե փողոցում, այլ Ալլայի ներսում։ Այդ դևուկը հետագայում այլևս չի երևում, սակայն նրա ներկայությունը շարունակում է զգացվել անքնության, վախերի, մղձավանջների և մեղքի անտանելի զգացման տեսքով։ Հենց այս ներքին պայքարն է պատմվածքը դարձնում հոգեբանական արձակի հաջողված օրինակ։
Տիկին Ալլայի կերպարը նույնպես կառուցված է մեծ նրբությամբ։ Նա իդեալական մարդ չէ, բայց նաև բացարձակ մեղավոր չէ։ Նա բարեխիղճ, հոգատար մայր ու տատ է, որը մեկ վայրկյանում թույլ է տալիս մարդկային թուլություն։ Այդ պատճառով ընթերցողը նրան չի դատում, այլ հասկանում է։ Գրականության մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, երբ հեղինակը կարողանում է կերպարին ներկայացնել ոչ որպես բարու կամ չարի մարմնավորում, այլ որպես հակասություններով լի կենդանի մարդ։ Դերանցին դա հաջողվում է. Ալլայի յուրաքանչյուր ապրում, յուրաքանչյուր տատանում և յուրաքանչյուր ինքնամեղադրանք հոգեբանորեն համոզիչ են։ Հակադրության սկզբունքով ստեղծված է նաև Եղսիկի կերպարը։ Սկզբում նա թվում է մակերեսային, գուցե նույնիսկ ծիծաղելի՝ իր ուռած շուրթերով, արհեստական թարթիչներով և պարզունակ խոսելակերպով։ Սակայն հեղինակն աստիճանաբար քանդում է այդ առաջին տպավորությունը։ Եղսիկի արտաքինի հետևում երևում է խորապես խոցելի, կախվածության մեջ ապրող երիտասարդ կին, որի խոսքում անընդհատ կրկնվող «Վարդոս ջան»-ը սիրո արտահայտությունից ավելի շատ ենթարկվելու լեզու է հիշեցնում։ Հատկապես ազդեցիկ է այն հատվածը, որտեղ աղջիկը բնական է համարում խանդը, վերահսկողությունը և նույնիսկ ծեծը՝ դրանք մեկնաբանելով որպես սիրո դրսևորումներ։ Այդ դրվագներում հեղինակը որևէ բացահայտ դատողություն չի անում. բավական է Եղսիկի խոսքը, որպեսզի ընթերցողը զգա ողբերգության իրական խորությունը։ Սակայն պատմվածքի ավարտն ունի երկակի ազդեցություն։ Մի կողմից, հեռուստատեսային լուրերով բացահայտվում է, որ Վարդանը իսկապես մարդասպան է եղել, և Ալլայի կանխազգացումը պատահական չէր։ Այս լուծումը սյուժեին տալիս է դեդեկտիվ ավարտ և վերաիմաստավորում է նախորդ իրադարձությունները։
Լեզվաոճական առումով պատմվածքը ևս հաջողված է։ Դերանցի լեզուն հոսուն է, պատկերավոր և բնական։ Հատկապես հաջող են երկխոսությունները, որոնց միջոցով կերպարները բացահայտվում են առանց հեղինակային ավելորդ մեկնաբանությունների։ Եղսիկի արևմտահայախոս խոսքը ոչ միայն լեզվական երանգավորում է ստեղծում, այլև ընդգծում է նրա սոցիալական միջավայրը, մտածողությունն ու աշխարհընկալումը։ Միևնույն ժամանակ, պատմվածքում կան հատվածներ, որտեղ հեղինակային մեկնաբանությունները փոքր-ինչ երկարաձգվում են՝ հատկապես ապահովագրական խարդախությունների կամ հասարակական բարոյականության վերաբերյալ դատողություններում։ Այդ մտքերը հետաքրքիր են, սակայն երբեմն դանդաղեցնում են սյուժեի ընթացքը։
«Անձրևային դեդեկտիվը» հաջողված հոգեբանական արձակ է, որտեղ արտաքին պատահարը վերածվում է ներքին ողբերգության։ Պատմվածքը հիշեցնում է, որ մարդու ամենադաժան դատավորը ոչ թե օրենքն է, այլ սեփական խիղճը, և երբ այդ խիղճը արթնանում է, աշխարհի ոչ մի անձրև ի վիճակի չէ լվանալու նրա թողած հետքերը:
Վովա Արզումանյան






