Արցախ Կարինե Ռաֆայելյան

Արցախի լուսե դիմագիծը

16.05.2023

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ մայիսի 16-ին Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվեց Արցախում բնակվող լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը: Այն կգործի մինչև մայիսի 18-ը:

Ներկայացված են արցախցի լուսանկարիչներ Դավիթ Ղահրամանյանի, Դիանա Հակոբյանի, Նարե Առուշանյանի, Արմեն Գաբրիելյանի, Էդգար Քամալյանի, Անի Բալայանի, Մարգարիտ Պետրոսյանի աշխատանքները:

Արցախն իր բազմաշերտ կոլորիտով, խաղաղության ու պատերազմի համապատկերով ներկայացնող այս լուսանկարները անհնար է դիտել առանց հուզմունքի: Շատերն ուղղակի մարտնչող, չհանձնվող, լավատեսությամբ շնչող այս պատկերները դիտում էին արցունքների միջով: Հույսի, հավատի, հպարտության, սիրո արցունքներ էին դրանք, որ վկայում էին մայրաքաղաքի թվացյալ խաղաղության մեջ ապրողներիս սերն ու համախոհությունը՝ առ Արցախն ու արցախցին:

Ցուցահանդեսի համադրող Վովա Արզումանյանից տեղեկացանք, որ առաջիկայում ցուցահանդեսը կներկայացվի նաև Վանաձորում և Գյումրիում՝ այս քաղաքներում ևս տարածելով մեր հայրենիքի շրջափակված հատվածի «աղաղակող» ձայնը, որի ցնցող ելևէջներում շեշտադրված է խաղաղության, հայրենասիրության, ապագայի հանդեպ անկոտրում հավատի նոտան:

Նարե Առուշանյան, Ապագա

Մի ձեռքում զենք, մյուսում՝ արվեստի գործիք վերցրած արցախցիներն ուղղակի արժանի են խորին խոնարհման: Մենք լիահույս ենք, որ այս և այսօրինակ ցուցահանդեսները, մշակութային տարատեսակ նախագծերը կյանքի կկոչվեն հենց բնօրրանում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք լինել դրանց ականատեսն ու դրանցով հիացողը հենց նվիրական հող-Արցախում:

Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյան, Ոչ պատերազմին

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply