Թատրոն Վովա Արզումանյան

Աշտարակի դրամատիկական թատրոնը վառ թատերական տարի  է խոստանում

05.03.2025

Նոր թատրոնի բացումը մշակութային զարթոնք է, ինչպես նաև նոր գաղափարների ծննդյան և արվեստի մի նոր շրջանի սկիզբ։ Ահա այսպես, 2023-ի նոյեմբերին Աշտարակում բացվեց դրամատիկական թատրոն, որն իր հետ բերեց ստեղծագործական անսպառ հնարավորություններ: Այն արդեն տուն է դարձել ռեժիսորների, դերասանների, երաժիշտների, արվեստով ապրող ու շնչողների, ինչպես նաև արվեստը գնահատողների համար։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Գոռ Մարգարյանն է, որի բեմադրությունները վայելելու առիթներ հանդիսատեսը շատ է ունեցել։ Գոռն առանձնանում է իր որդեգրած գեղագիտությամբ, թատերական բարձր ճաշակով, ինչն էլ այսօր թատրոնի խաղացանկային ներկայացումների հաջողության գրավականն է։

Այժմ Աշտարակի դրամատիկական թատրոնի խաղացանկում յոթ ներկայացում կա՝ «Բովանդակություն», «Լյուսիեն Լյուկ», «Կաթիլը», «Նամակ Ձմեռ պապիկին», «Վատ շրջապատ», «Ամանորը Մումի հովտում», «Անց 48»։ Այս ներկայացումները տարբերվում են իրենց թեմատիկ բազմազանությամբ, բեմադրական լուծումներով և գեղարվեստական յուրօրինակ մոտեցումներով։ Յուրաքանչյուր բեմադրություն նախատեսված է տարբեր տարիքի ու նախասիրությունների հանդիսատեսի համար։

Աշտարակի դրամատիկական թատրոնն այս կարճ ժամանակահատվածում մասնակցել է չորս թատերական փառատոնի, ունեցել հյուրախաղեր հանրապետության տարբեր քաղաքներում։ 

Թատրոնի պրոդյուսեր Լիանա Թադևոսյանն Ardi.am-ի հետ զրույցում նշեց, որ 2025-ը վառ թատերական տարի է լինելու, քանի որ սպասվում են նոր ներկայացումներ, ինչպես նաև նպատակ ունեն փառատոների ներկայանալ ու ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որը կատարվում է մարզային թատրոնում։ Մեր զրուցակցի վստահեցմամբ՝ նաև մայրաքաղաքից ունեն հանդիսատեսի մեծ հոսք, ինչը վկայում է ներկայացումների որակի և պահանջարկի մասին։ 

— Մեզ համար շատ կարևոր է, որ մեր թատրոնը լինի կենդանի, զարգացող և խոսի բոլորի համար հասկանալի լեզվով։ Այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ՝ նորովի ներկայանալու և չկրկնվելու համար,-ասում է Լիանա Թադևոսյանը՝ ընդգծելով, որ թատրոնը նոր շունչ է հաղորդել Աշտարակի մշակութային միջավայրին՝ աշխուժացնելով արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, մոտեցումը։ 

Ահա մի քանի ներկայացում, որը կարող եք դիտել Աշտարակի դրամատիկական թատրոնում։ 

Լյուսիեն Լյուկ

Մարսել Միտուայի «Նվագակցողը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը մեզ ներկայացնում է մի հերոսի, ում կյանքը, կարծես, դատապարտված է մնալու ստվերում: Նվագակցող Լյուկը, որի առաքելությունն է լուռ աջակցել բեմի առաջատարներին, հանկարծ հայտնվում է լուսարձակների ներքո: Ճակատագիրը նրան հնարավորություն է տալիս՝ առաջին անգամ դառնալու գլխավոր դեմքը: Սակայն այս ելույթը լինելու է այլ՝ տարբերվող, անկանխատեսելի ու հուզիչ: Իսկ ահա դերասան Վաչե Երիցյանի դերակատարումն անմոռանալի է դարձնում Լյուկի կերպարը։ Ֆրանսիական նրբագեղությամբ հագեցած այս մոնոներկայացումը կյանքում «երկրորդ» դիրքերում գտնվող անձանց մասին է, որոնց կարևորությունը հաճախ մնում է աննկատ, բայց առանց նրանց հաղթանակները պարզապես անհնարին կլինեին: 

Սա պարզապես ներկայացում չէ, այլ մտքերի, կյանքի ու վերապրման, վերագտնելու ճամփորդություն։ 

Բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, դերերում՝ Վաչե Երիցյան, Անահիտ Մանուկյան, պրոդյուսեր՝ Լիանա Թադևոսյան։ 

Կաթիլը

Ըստ Անաստասիա Կովալենկովայի հեքիաթի բեմադրված «Կաթիլը» ներկայացումը փոքրիկ, թափանցիկ մի կաթիլի հեքիաթային ու մե՜ծ ճանապարհորդության մասին է։ Աշտարակի դրամատիկական թատրոնում այս կաթիլին կյանք ու շունչ են տվել, որ կարողանա տեսնել ողջ աշխարհը, մտորի, խոսի այն ամենի մասին, ինչը շատերը չեն նկատում։ Բայց կաթիլի մեջ էլ ամփոփված է աշխարհը, որը կարելի է տեսնել սեփական աչքերո։ 

Սա պարզապես մանկական ներկայացում չէ, այլև՝ նուրբ փիլիսոփայություն կյանքի  թափանցիկության, երազանքի և փոփոխությունների անխուսափելիության մասին։ Բեմադրիչ Մարիկա Դովլաթբեկյանը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն տեսողական ազդեցությանը, այլև շարժման, երաժշտության և լույսի ներդաշնակությանը։ Յուրաքանչյուր մանրուք՝ բեմի ձևավորումից մինչև հերոսների խաղային ոճը, նախատեսված է այնպես, որ փոքրիկ հանդիսատեսը զգա ու հայտնվի հեքիաթային մթնոլորտում։ 

Ներկայացման ստեղծագործական կազմում են վարկածի հեղինակ Միշա Հակոբյանը, բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ Նարեկ Կոսմոսը։ Դերերում՝ Մերի Մարգարյան, Միշա Հակոբյան, Քրիստինա Սիմոնյան, Արթուր Վարդանյան։ 

Բովանդակություն

Բնավորություններ, հոգեվիճակներ, կիրք, լարված սպասումներ, մտաշխարհի հուզական բռնկումներ, տագնապներ․ «Բովանդակությունը» մեր կյանքի ընթացքի մասին է՝ Չարենցի խելագարված ամբոխների կատարմամբ։ Բեմադրիչն առաջնորդվել է հստակ սկզբունքներով, այդպիսով պահպանել է պոեմի գաղափարան բովանդակության ամբողջությունը՝ այն հաջողությամբ վերարտադրելով բեմական իրականությունում։ 

Ներկայացմանն ավելի վաղ անդրադարձել ենք Ardi.am-ում։

Վովա Արզումանյան