Արցախ ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»*

18.04.2021

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Արամ Ալավերդյանի պատմվածքների ժողովածուն՝ «Զգուշավոր բաս» վերնագրով: Գրքում տեղ են գտել պատմվածքներ, որոնց զգալի մասը ծանոթ է ընթերցողին համացանցից, այդ թվում՝ Ardi.am կայքի հրապարակումներից:

Մենք զրույցի ենք հրավիրել հեղինակին՝ ակնկալելով բացահայտել ոչ միայն գրքի ծննդի և գրքում եղածի հետ առնչվող նրա տրամադրությունները, այլև այն թաքուն-գաղտի մտածումները, որոնք սովորաբար մնում են տողից ու բառից դուրս:

— Արա՛մ, շնորհավորում եմ քեզ և մեզ. գիրք է ծնվել: Ի՞նչ սկզբունքով ես կատարել պատմվածքների ընտրությունը, նկատի ունեցե՞լ ես կոնկրետ ընթերցողի, կոնկրետ հասցեատիրոջ, թե՞ դու գրում ես այն, ինչ թելադրվում է ներսից ու… ում կհասնի՝ կհասնի:

-Շնորհակալ եմ, հարգելի՛ Կարինե:

Վերջին տարիների իմ ակնարկներն են՝ սովորական էսսեիստիկայի ժանրից, ինչպես ասում են: Իսկ սկզբունքը… հավանաբար, ժամանակագրության մեջ է, ես եմ այդպես մտածում: Եթե ընթերցողն ուշադիր լինի, կնկատի, որ պատմվածքների այս ժողովածուն տարբեր պատկերների ու դեմքերի մի ամբողջական վեպ է՝ իր արարներով. խորհրդային պետության մայրամուտ (Մաճառ խմենք՝ թվիստ պարենք), Արցախյան շարժում (Մարգուշայի մելանխոլիան), Առաջին պատերազմ (Տասի ջոկատը, Թալան, Ռուզի, Զգուշավոր բաս), հարաբերական խաղաղություն (Լկամ, Ֆուլթոնի ելույթի հետքերով): Գրողը, կարծում եմ, անպայման ընթերցողին իր մտքի մեջ չի դնում, հետո բան գրում: Միշտ մտածում եմ, որ ամեն ոք էլ գրող է: Մեկին հաջողվում է հոդորոշ մտքեր արտահայտել, մեկ ուրիշը գրամոլ է, մի ուրիշ շատերն այդպես էլ գրելու հետ չեն առնչվում, բայց պատմելու անզուգական ձիրք ունեն: Կան նաև գրագող արհեստավորներ, ի դեպ: Իմ համոզմունքն է, որ գրելը, պատմելը, գրական պատրանքների մեջ գտնվելը ամեն մեկին յուրահատուկ է: Առհասարակ, գրելն ինձ համար հաճելի հոգեկան շեղում է, շատերն ինձ կհասկանան, Ամերիկա չեմ հայտնագործում այս մտքով: Գրողը մարդու տեսակ է: Երբեք՝ նույնիսկ այս գրքի հրատարակությունից հետո, ինձ գրող չեմ զգացել, ուր է, թե երևակայեմ: Լրագրող եմ ծնված օրից, պապիկ-տատիկի էի ձայնագրում երեխա ժամանակ, անցած-գնացածից էին նրանք պատմում, իսկ ես հիանում էի: Ողջ կյանքում հետաքրքրասիրությունն ինձ հանգիստ չի թողնում, այդ պատճառով են երևի իրար եկել հանգամանքները, ու՝ երջանիկ եմ զգացել ինձ, որ հաճելի գործով եմ զբաղվում: Ի՞նչ գործ, ապրելու առօրյա է: Հաճելի աշխատանքը երջանկություն է, ուրիշ բանաձև չկա: Մեզանից ամեն մեկը երջանկություն կամ, առնվազն, կոմֆորտ է ուզում ակամա:

Ընթերցողս ֆեյսբուքյան սակավաթիվ իմ ծանոթներն են, կարելի է ասել՝ նրանք միշտ ինձ քաջալերել են: Անհանգիստ բծախնդրություն ունեմ ամեն ինչի հանդեպ, մանավանդ՝ խոսքի: Նրանք գիտեն: Հիմա բոլորը գրող են, ե՛կ ես ինձ էգոիստի նման լրագրող զգամ:

— Գիրքդ Արցախի մանրակերտն է, ի մասնավորի՝ Արցախյան առաջին պատերազմի: Այն կրում է համանուն պատմվածիդ վերնագիրը՝ «Զգուշավոր բաս»: Այս պատմվածքում դու կանխալսում ես մեր հաղթանակի զգուշավոր բասը: 44-օրյա պատերազմի ընթացքում քեզ համար «լսելի՞» էր մեր պարտության ահազարհուր խառնաղմուկը:

— Վերջին պահին եմ այդ գրվածքը ընտրել՝ որպես գրքի բնաբան: Այո՛, զգուշավորը վաղուց եկած մտավախության լարն է, ճիշտ ես հասկացել: Ֆոբիա չասեմ, սարսափ չասեմ, անտեսանալի զգացողություններ գոյություն ունեն միշտ մեզ ուղեկցող, միայն  ողբերգության պահերին ենք մենք վեր թռչում ցավի մեջ դրանցից: Ա՜խ, ես միշտ մտածել էի այդ մասին, ես գիտեի… բայց դե, սովորական մարդուն ո՜վ է լսում: Միշտ սարսափել եմ մեր իրականությունից: «Արցախի մանրակերտ»՝ խիստ ու վերամբարձ է ասված, գիրքը թողնենք ընթերցողի դատին: Ճիշտ է, ինչքան փախչեմ իմ գրածներից, ինձ արդեն «մատնել» եմ, ամեն խոսքի հեղինակ իրեն մատնում է, ինչպես ասում են: Եթե նույնիսկ փորձում է՝ զարտուղիներով «արդարանալ», իզո՛ւր, ավելի վատթար է դարձնում իրավիճակը, համամիտ եմ:

Պարզապես գրողներն ու արվեստի մարդիկ վտանգը կանխազգում են: Կարծում եմ՝ սա տուրք է: Միգուցե ազատ են նրանք քաղաքական խարդավանքներից ուղղակիորեն, գաղափարական պարտավորություններից հեռու են, չգիտեմ, բայց որ գրողը քաղաքական գործչին առաջկտրուկ է անում, կյանքը ցույց է տալիս, որ սա աքսիոմա է:

Վերջին պատերազմի մասին խոսելը դժվար է: Հակված եմ բոլոր ողջամիտների նման մտածել, որ ազգովի պարտվել ենք, որովհետև սխալ ճանապարհով ենք գնացել վերջին տասնամյակներին, երբ մեզ ճակատագիրը սեփական պետություն է նվեր արել: Օրինակը բերեմ Արցախի իմ ծննդավայրի վրա ու՝ անցնենք առաջ: Որ մեկ-մեկ Առաջաձոր եմ այցելում, մի երեք օրից ուզում եմ փախչել, թեպետ ինձ այնտեղ թանակագին հյուր են ընդունում որպես, ամենավերջին տեղերում չեմ որպես առաջաձորցի, հաստատ: Վանքեցի ընկերս՝ Վասյան է ճիշտ ասել մի առիթով. «…ի՞նչ կա էս շան տղու շենումը, որ ինձ գնդակահարել են ուզում, մի օտար տեղ եմ գնում՝ շողքս բամաբակով են ուզում հավաքել»:

Սովորական շինական մարդիկ այնքան էին չարացել տարիներ շարունակ, այնքան էին միմյանց ոչնչացնելու համար գազազել, որ վերջը ապոկալիպսիս պիտի լիներ, կամ՝ անդունդ: Սա սպասված ողբերգություն էր, ու տարտարոսը միայն իմ հայրենի Առաջաձորում չէր, ամեն տեղ էր՝ ամեն քաղաքում, իշխանությունում, մշակույթում, գրականությունում, երթուղայիններում, մանկապարտեզներում… ամեն տեղ…

Պատերազմի հետևանքն է:

Գյուղում իմ ազգականուհուն ասացի՝ հայրենական պատերազմից մարդիկ, որ տուն են եկել, թատրոն են կազմակերպել, երգեր են երգել, ոմանք ծածուկ եկեղեցի գնացել՝ մատաղ են արել: Արել են, որպեսզի ամայացած կյանքից չխելագարվեն, գյուղն առանց տղամարդ էր համարյա, երեքով-չորսով որդի էին կորցրել, մեկումեջ սգավոր էին: Իսկ դրսում սովորական էքսիզտենցիա է, այդքանով հանդերձ, ուզես-չուզես, կյանքը պիտի շարունակվեր: Ազգակնուհուս ասացի՝ անպայման հարկավոր է մարդկանց համար զբաղմունք գտնել, այո՛, խալխին զբաղեցնել է հարկավոր ինչ-որ բանով, թե չէ՝ իրար գնդակահարելու են: Եկեղեցին սրբե՛ք, կամ բնատուր կենսուրախները թող դերեր ընտրեն իրենց համար, նորից Շեքսպիրը բե՛մ բարձրացրեք, պապիս պատմած: Կոլխոզի նախագահն էր, ինքն էր թատրոն կազմակերպում, գլխավոր դերերից մեկն էլ իրենն էր, ասում էր՝ վարագույր չունեինք, մեկին հատուկ կողքի ծածուկ տեղը կանգնեցնում էինք, որ վերջում ասի՝ «վարագույրը դանդաղ իջնում է», նա էլ, կեսօրից քեֆը լավ լինի, շփոթի բառը, թե՝ «մորաքույրը դանդաղ իջնում է»,  կլուբը տրաքի հռհռոցից: Գարնան հետ մարդիկ այսպես էին ցավերից փախչում՝ հոգևորով, ստեղծագործ ուրախությամբ: Հարկավոր էր հանրությանը դեպի հաճելի ապագա շեղել, մշակույթը, հավատը, ամեն տեսակ մարդասիրություն՝ փրկություն է: Երբ պատրերազմ է անցել ժողովուրդը, նա հիվանդ է, նրան փրկել է հարկավոր: Պատերազմը երկրային դժոխք է, իր կնիքը ամեն ինչի վրա դնում է, իսկ այս աշխարհի ամենափխրուն մատերիան մարդու հոգեկանն է: Ո՞ւմ կասես: Ու դա, ես հասկանում էի, որ ամենուր է, ամենուր է իրար մեռցնելու սառը մոլեգնությունը տարածված, արժեքները աղբանոց են նետել մարդիկ: Պատերազմից հետո, հիշո՞ւմ ես, տարածված միտք կար Իսահակյանի խոսքով՝ «ոգու սով», ոգու սովը վերջում դարձավ սառը գզվռտոց: Մարդիկ, առիթ-անառիթ, իրար սկսեցին դատի տալ, իրար վատություն անել՝ ազգականը ազգականին վնասի, բարեկամն ու ընկերը՝ իրար, պաշտոնակիցները՝ իրար — համատարած մի պրոֆանացիա: Չարությունը, ինչ-որ կերպ, պատերազմի բերած ֆոբիաներին ու հղի զգացմունքներին հագուրդ տալու էր գալիս, բնական է: Դեռ ֆեյսբուքն ու մյուս սոցցանցերն էլ հասել են մեր լեռներ, ըհը՛, ա՛յ մարդ, արդեն իրար ուտելու մեթոդներն են անգամ մատչելի դարձել: Մի ֆեյք էջ բաց արա, էսինչին աշխարհով մեկ խայտառակ արա, շա՜տ են իմանում՝ ով ես-ով չես, ճիշտ ես ասում, թե սուտ, քենդ պարպի՝ հոգիդ թեթևացրու, էշն էլ-էշատերն էլ: Համատարած դեգրադացիա ապրեցինք պատերազմից հետո: Երկրի ղեկավարությունը աչքաթող արեց համակարգային հարցերը: Սահմռկելի «Պանենկայի հարված» բաժին ընկավ հայերիս, պարտություն, այն էլ ինչպիսի՜, թշնամու վերջին մի խորտակիչ հարվածով, ներքին դավաճանությամբ ու կործանարար խուճապով: Կարծում եմ՝ միտքս հասկանալի է: Մեր այս վերջին դժոխքը երեսուն տարիների մութ կոնսիստենցիան է: Բայց դե, ինչպես չինացիներն են ասում, պարտությունը նոր հեռանկար է, եկեք, մեզ սիրտ տանք, որ ամեն մեծ ազգ իր Վաթեռլոոն է ունեցել, այմուամենայնիվ, մենք էլ ենք անցնում դրա միջով: Ամեն ինչ իր տեղն է ընկնելու, աշխարհի բանն է՝ ուրախությանը վիշտն է սպասում, իսկ վշտին՝ ուրախությունը:

— Հաճախ եմ ասում, որ ժամանակի ճշմարիտ պատմությունը գրում են ոչ թե դասագրքերը, այսուայն պատվերով առաջնորդվող պատմաբան-տեսաբանները, այլ ժամանակի ազնիվ գրողները: Ի՞նչ ես կարծում, «Զգուշավոր բասը»՝ արցախյան կեցության ու պայքարի գիրք-պաննոն, կարո՞ղ է ժամանակի մեջ ընկալվել ոչ թե սոսկ իբրև գեղարվեստական գիր, այլև մեր օրերի պատմության վավերական արտապատկեր:

   -Չեմ կարող հանձն առնել իմ այդ գրքի մասին մեծ-մեծ կոնստանտներ անել, բայց, այո՛, դա վավերագրություն է: Ամեն ժամանակաշրջան իր ապրումներն ունի, ողբերգությունները, ուրախությունները, թեպետև ես միշտ այն կարծիքին եմ, որ կյանքն ընդամենը մի մեծ կրկնություն է: Նույնիսկ մարդիկ ու նրանց սերունդներն են անուղղելի: Անփոփոխ է մարդը, մանավանդ՝ հայը: Եթե ուշացել ես համաշխարհային թատերաբեմից, պիտի ահա այսպես՝ մեզ նման, քարշ գաս դժնդակությունների մեջ: Ինձ դա է վհատեցնում: Այո՛, մենք, անուղղելի ենք: Այն կարծիքին չեմ, թե մենք անհաջողակ ենք, իբր՝ փոքր ազգ ենք, փոքր երկիր ենք: Ճիշտ հակառակն եմ կարծում՝ մենք մեծ ժողովուրդ ու կարգին երկիր ենք: Եվրոպական նորանկախ պետություններից — Խորվաթիա, Բոսնիա, Սլովակիա — շատերից Հայաստանը մեծ է ամեն ինչով:             Տկար, նվազ, թույլ ու անպաշտպան լինելու համախտանիշն է մեզ հետ գցող հանգամանքներից մեկը, մեզ տափն է տալիս նաև ինքնահատուկ ամբարտավանությունը: Ամեն ինչ դեմ է առնում այն քարին, որ հազար տարի պետություն չենք ունեցել: Թե ե՜րբ համայնքային, ցեղային այս նվաստ հոգեկերտվածքի դժգույն առանձնահատոություններին վերջ կտանք՝ սա է հոգսը: Ժամանակի դիալեկտիկայից մենք՝ հայերս, հետ ենք մնացել, հարկավոր է մի միջոց գտնել, հաղթահարել: Մենք մոտ ենք կանգնած փրկությանը, անհույս չէ բնավ կացությունը, ինչքան էլ իրականությունը գորշ երևա մեր աչքերին: Տաղանդավոր մարդիկ են հայերը, մեզ օրենքի ավանդույթ, մաքրակյաց հոգևոր ու նյութական ապրուստ է պակասում: Մեզանից դժբախտ ազգ էլ կար ընդամենը մի քանի տասնամյակ առաջ՝ հրեան. մի տեսե՛ք՝ յոթանասուն տարում ինչերի է հասել: Հայաստանի չափ իրենց երկիրը դարձրել են աշխարհի հզորներից մեկը: Իսրայելը գերտերություն է:

Գիրքս բնութագրելու ասելիք չունեմ, հարգելի՛ Կարինե, եթե կարդացող լինի, թող ինքը հանգունմներ անի: Հիմա ո՜վ է գիրք կարդացողը, ա՛յ մարդ…

— Ոսկեղենիկ հայերենը օր օրի ձևախեղվում է, կորցնում իր մաքրությունը: Էլ չենք խոսում մեր հարուստ բարբառային շերտի մասին: Քո գիրքը մի կարևոր առաքելություն է նաև իրականացրել՝ վեր է հանել մի շատ թանկ բաղադրիչ՝ արցախյան բարբառը: Կարծում եմ՝ շատ չեն այդ եզրույթները գործածող մարդիկ ներկայում: Հույս ունե՞ս, որ քո գրքի շնորհիվ նրանց թիվը կավելանա, որ ավելի շատերն իրենց բանավոր կամ գրավոր խոսքում կգործածեն «տղապետ»-ը, «ռուզի»-ն, «ելուպարան»-ը և քո գրքում տեղ գտած մյուս գոհարները, որոնք համապատասխան բացատրությամբ ներկայացված են «Զգուշավոր բասում»:

-Տեղական նացիոնալիզմով ես չեմ տառապում, բարեբախտաբար, բայց այս պարագայում Արցախի մասին պիտի ասեմ, որ այն իր ամեն ինչով հենց ամենաիսկական Հայաստանն է՝ որ կա, բարձրորակ անձինք դա, հարկավ, հասկանում են: Ուրախալի է, որ մեր ազգի իսկական մարդիկ դա գիտակցում են, ես մի արանքում թերահավատ էի այդ հարցում, բայց՝ ո՛չ, արժանապատիվ, նախանձախնդիր մարդիկ ունի մեր ժողովուրդը, նրանք են ողնաշարը, նրանք են փրկություն բերելու հայրենիքին այս դժվար պահին: Թող անփորձանք լինեն նրանք, թող նախախնամությունը պահպանի նրանց: Արցախը մեր պետականության սրբատեղին ու թանգարանն է նաև՝ վիրավոր, արնաքամ: Երջանկություն եմ ունեցել Արցախի՝ տառացիորեն ամեն բնակավայր տեսնել՝ Արաքսից մինչև Թալիշ, Մարտակերտից մինչև Զաբուղ: Ինչ վերաբերում է բարբառին, պիտի ասեմ, որ այն կենդանի, իրական պատմություն է, որը, դժբախտաբար, ամեն ավագ սերնդի հետ տկարանում է. հայագիտությունը անելիք շատ ունի:

Նոր ժամանակներում Լեո չունեցանք: Լեոյին Խորենացուն, Գանձակեցուն հավասար անուն եմ ընդունում որպես, նա միգուցե նույնիսկ առավել վաստակ ունի մեր պատմագրության մեջ, քան մնացած պատմիչները: Լեոյի գրքերը  պատմամշակութային գանձեր են. ով չի կարդացել, դեռ, ուրեմն, անելիք ունի, ինչպես ասում են՝ չկարդացած գրքերը վրեժ են լուծում, թող զգույշ լինեն:

— Ի՞նչ գիրք սպասել Արամ Ալավերդյանից հաջորդիվ: Կլինե՞ն նոր թեմաներ, նոր ասելիք, թե «Զգուշավոր բասի» բացած հունը դեռ կառաջնորդի քեզ գեղարվեստական որոնումներում:   

— Որոշել էի, իբր, անիծված պատերազմական անցքերի թեմատիկային վերջ տալ, ու… կոպիտ համադրություն պիտի անեմ այստեղ: Ասում են՝ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չի ամփոփվել վերջին սպանված զինվորի դին: Ուղղակի ու անուղղակի իմաստով, ավա՜ղ, դա այդպես է ինձ համար: Վերջին գրվածքներս կուզեի հրապարակել, հետո միայն որոշել, թե ճակատագիրն ինչ է ինձ բերելու: Հրապարակել եմ ասում, ո՛չ՝ հրատարակվել. այդ հարցում սակավապետ եմ, առանց ձևեր թափելու: Ինձ գրական կայքերն էլ են բավականացնում, գիրք ունենալու անպայման մոլություն չունեմ: Այս գիրքն էլ ընկերներիս բզբզոցից ի հայտ եկավ, եթե մնար ինձ… Կուզեի անտիպ վեպս հրապարակել գրական մի կայքում, հենց ձեր հարթակում. միգուցե ավարտվի դրանով էպոպեան, իմ սրտին էլ խաղաղություն գա, ընթերցողի համբերությանն էլ: Այս հրատարակված գրքից մի ութ-տասը նյութ էլ է դուրս մնացել, չգիտեմ ինչու, կուզեի նրանց էլ շունչ տալ նոր հավաքածուի մեջ:

Անհարմար է գրքից խոսել, մենք անդունդի մեջ ենք, դեպի վեր պիտի սողոսկենք, ով ինչով կարող է՝ պարտավոր է պատվար լինել: Գուցե՝ գրքով նաև, չգիտեմ…

* Պանենկայի հարված — ֆուտբոլում տասնմեկ մետրանոց հարված՝ չեխ ֆուտբոլիստ Անտոնին Պանենկայի կատարմամբ՝ Գերմանիայի հավաքականի դարպասին, 1976 թավականին՝ Եվրոպայի գավաթի եզրափակիչ խաղում: Յուրահատուկ է իր հանկարծակի ու խաբուսիկ նենգությամբ…

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply